Տիտանիկ, made in Armenia
(Նախկինում «ԵՍ ԻՄ ԱՆՈՒՇ ՀԱՅԱՍՏԱՆԻ...» 1993 թ.)
Պիեսի հեղինակ և բեմադրող ռեժիսոր՝ Արա Երնջակյան
Պրեմիերան կայացել է 17.11.1993 թ. Երևանում
«Տիտանիկ - 2»-ը՝ վերանվանված «Նոյյան տապանը», փորձում է փրկել մարդկության մնացորդները։
Հերթական տապանի տախտակամած են բարձրանում ուղևորները և անձնակազմը։ Նավի ուղևորները հենց ինքը՝ հանդիսատեսն է, իսկ թիմը կազմված է. Նավապետից, նրա օգնական Ծովակալ Սաքոյից, Պոետից, ում վերցրել են մեկնումից անմիջապես առաջ և ոչ մի կերպ չեն կարողանում որոշել, թե ինչով է նա զբաղվելու նավարկության ընթացքում՝ լինի ռադի՞ստ, թե՞ առաջին հայ տիեզերագնացը։
Անձնակազմի ևս երկու անդամները՝ Մաեստրոն և Գեղեցիկը, նույնպես կատարում են բազմապիսի պարտականություններ՝ կախված ստեղծված իրավիճակներից։ Իսկ նավի վրա ծագում են բազմաթիվ խնդիրներ. չէ՞ որ տապանն իրականում մեր տունն է, որը բոլորն էլ ուզում են «բարեկարգել»։
Եվ երբ այդ «տնաշինության վերափոխումների» արդյունքում տապանն սկսում է խորտակվել, պարզվում է, որ այն լքելն ու փրկվելն այնքան էլ դյուրին չէ՝ նավը շրջափակման մեջ է։
Ներկայացման վերջում «անձրևը, որը տևում էր 40 օր ու գիշեր», վերջապես դադարում է, և ծնվում է փրկվելու հույսը, մանավանդ, երբ անձնակազմի անդամներից մեկը հեռվից նկատում է Արարատը։ Սակայն անձնակազմի մնացած անդամները բացատրում են նրան, որ Արարատի ուրվագիծը միշտ էլ երևացել է։ Այսինքն՝ ոչինչ չի փոխվել, տապանը տեղից չի շարժվել...
Ներկայացման մեջ միահյուսված են երաժշտությունն ու հումորը։
Դերասանական կազմ.
ՄԱԵՍՏՐՈ - Գեորգի Ամիրագյան - ՀՀ վաստակավոր դերասան
ՆԱՎԱՊԵՏ - Գրիգոր Բաղդասարյան
ԾՈՎԱԿԱԼ ՍԱՔՈ – Մանուկ Հախվերդյան
ԳԵՂԵՑԻԿ – Իրինա Դանիելյան
ՊՈԵՏ – Ռուբեն Փաշինյան, Սերգեյ Հայրապետյան
ՀՅՈՒՐԱԽԱՂԵՐ.
Մոսկվա, ԱՄՆ (Լոս Անջելես)
ՓԱՌԱՏՈՆԵՐ.
05.2003 - Ուկրաինա, Կիև, «Կիև Տրավնևիյ» 5-րդ Միջազգային Թատերական փառատոն։
ՄԱՄՈՒԼԸ «ՏԻՏԱՆԻԿ, MADE IN ARMENIA»-Ի ՄԱՍԻՆ.
«Մեզ շրջապատող արատների մասին անխնա խոսում են «Տիտանիկ, made in Armenia» ժամանակի զգացողությանը համահունչ ներկայացման պայմանական հերոսները։ Խոսում են ցավով, տագնապում ապագայի անորոշության համար։ Տապանը սարքվել է, ու շատ են ուզում առաջ մղել, բայց «ճահճուտ» է շուրջբոլորը, այն մնում է տեղում…
Այս ներկայացումը նորից վկայում է այն փաստը, որ արվեստը ժամանակի տրամաբանությամբ պիտի ներկայանա ժողովրդին։ Արտահայտչամիջոցը կարող է որոշել ինքը՝ արվեստագետը»։
Ռ. Ա., «Երկիր», 1994
«...Լողում է մի տապան, մեր Հայաստանի տապանը։ Եվ թվում է՝ արժե՞ փրկության սպասել։ Բայց կատակներն այնքան սրամիտ են, մեզնից յուրաքանչյուրին ուղղված հեգնանքը՝ այնքան տեղին, որ ծնվում է հավատը։ Մարդիկ, որ ընդունակ են այդպես կատակել և հեգնել իրենք իրենց՝ անպայման կփրկվեն»։
«Հայաստանի Հանրապետություն», 1994
«Էտյուդների և դրվագների տեսքով ստեղծված այս զվարճախաղը երգերի, պարերի և բեմական այլ արտահայտչամիջոցներով մեզ է ներկայացնում մեր շուրջը տեղի ունեցող դեպքերի և դեմքերի զավեշտական նմանակումներ, քաղաքական անցուդարձի նուրբ, գրոտեսկային ակնարկումներ»։
Կ. Եղիազարյան, «Ազատամարտ» 1993